Ուղերձ

 

 


Հարգելի՛ բարեկամ,
Ողջունում ենք Ձեզ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում: Հուսով ենք, որ այն Ձեզ հնարավորություն կտա ավելի սերտորեն առնչվել Հայաստանի երիտասարդական ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և առաջին ձեռքից ստանալ տեղեկություններ այս բնագավառում  կատարվող իրադարձությունների մասին: 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքն այն հարթակն է, որտեղ ցանկացած երիտասարդ կարող է գտնել իրեն հուզող հարցերի լուծման ուղիներ, արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումները, ծանոթանալ դրամաշնորհներին, որոնք պարբերաբար հայտարարվում են հիմնադրամի կողմից: 

Հայաստանի երիտասարդության առջև ներկայումս ծառացած են բազում հիմնահարցեր, որոնցից են սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական, հոգևոր-մշակութային դաստիարակության, զբաղվածության խնդիրները: Դրանք հաճախ բազում  մարտահրավերների առաջացման պատճառ են դառնում: Ուստի այս առումով առավել հրատապ է դառնում երիտասարդությանը հուզող հարցերի լուծումը: 

Այդ պատճառով երիտասարդության հիմնախնդիրներին առավել մեծ ուշադրություն դարձնելը, երիտասարդական պետական քաղաքականության իրականացումը ՀՀ նախագահի և կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում են: Դա են վկայում ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության դրույթները: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն օրեցօր ավելի ընդգրկուն է դարձնում իր ծրագրերի աշխարհագրությունը` ակտիվորեն ներգրավելով նաև մարզաբնակ երիտասարդներին: Դա է վկայում մարզային երիտասարդական կենտրոնների գործունեությունը: 

Սակայն երիտասարդական հիմնախնդիրները միայն պետական աջակցությամբ լուծել հնարավոր չէ: Երիտասարդներն իրենք էլ պետք է ներգրավվեն այս գործընթացում, իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեն երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ, զգան այն պատասխանատվությունը, որ իրենք են այս երկրի տերը և առաջին հերթին իրենցից է կախված Հայաստանի բարեկեցիկ ապագան:
Ուստի հուսով ենք, որ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը  հնարավորություն կտա փոխադարձ կապի միջոցով վերհանել երիտասարդությանը հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հոգաբարձուների խորհրդի համակարգող
ՀՀ ԱԺ պատգամավոր 
Կարեն Ավագյան