600 ուսանող դարձավ կրթաթոշակակիր

 

 

Մարտի 2-ին, ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի 2-րդ հարկի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրսում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների համար սահմանված կրթաթոշակին արժանացած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը: Շուրջ 800 գրանցված հայտերից կրթաթոշակի արժանացած  600 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան հավաստագրեր, իսկ լավագույններին հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Մինչ հավաստագրերի հանձնումը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց. «Ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կրթության և գիտության ծրագրերից ամենակարևորներից է: Հայաստանում այս մասշտաբի ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում: Այսպիսով, երիտասարդները պետք է հասկանան գիտելիքի արժեքն ու ուսման կարևորությունը«: Հավաստագրերի հանձնումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է պետհամալսարանում ելույթ ունենալ ուսանողների առջև: Ուզում եմ շնորհավորել այն ուսանողներին, որոնք հիմնադրամի կողմից  կրթաթոշակ են ստանում առաջադիմության համար: Այսպիսով, ուզում ենք խրախուսել ուսանողների առաջադիմությունը և նրանց ցույց տալ, որ ժամանակակից աշխարհը ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, օրեցօր այս գործոնների ազդեցությունն ուժգնանում է»: 


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծման գաղափարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է: Հիմնադրամի գործունեության հիմնական  ուղղություններն են կրթություն և գիտություն, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակություն,  միջազգային և համահայկական համագործակցություն, առողջ ապրելակերպ: Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն էլ իրականացվեց  ՀՀ կառավարության աջակցությամբ, որի շրջանակներում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է տրամադրվել շուրջ 60 մլն դրամ: Տեղեկացնենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների' բուհերին փոխանցման գործընթացը: 

Կրթաթոշակ ստացած անձանց ցուցակը>>>