ՀՀ տնտեսության անցյալն ու ապագան

 

 


«Ա-Ինսայթս» տնտեսական վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի է կոչում է «Հայաստանի տնտեսությունը։ Հաջորդ 25 տարին» խորագրով ծրագիրը։  

Ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվում Հայաստանի տնտեսության պատմությանը։ Ուսումնասիրությունը, որ լույս կտեսնի գրքի տեսքով, ամփոփում է ՀՀ տնտեսությունը վերջին 25 տարիների ընթացքում։ Վերլուծվել է մեր երկրի տնտեսական մոդելը, ուսումնասիրություններն արվում են՝ համեմատելով այլ երկրների զարգացման փորձի հետ։ Ինչպես նշում է «Ա-Ինսայթս» տնտեսական վերլուծությունների կենտրոնի նախագահ Սամսոն Ավետյանը, վերջին 25 տարիների ուսումնասիրության հիման վրա գրքում նկարագրված է ՀՀ տնտեսության զարգացման երեք հնարավոր սցենար, որոնք մատնանշում են, թե այդ սցենարներից յուրաքանչյուրի որդեգրման դեպքում ուր կարող ենք հասնել։ Եվ այդ երեք սցենարներից որեւէ մեկի որդեգրումը պայմանավորված է բարեփոխումների ակտիվությունից, այն հանգամանքից, թե ֆիսկալ, բյուջետային, դրամավարկային, ռեգուլյատոր ուղղություններով ինչ տնտեսական քաղաքականություն է վարվելու։

Սամսոն Ավետյանը նկատում է, որ վերջին 25 տարիներին մեր տնտեսական մոդելը գրեթե նույնն է եղել, մենք միշտ այս ընթացքում ունեցել ենք արտահանման շատ մեծ պակասուրդ, աշխատուժի արտահանում եւ արտաքին պարտքերի շարունակական կուտակում։

Սամսոն Ավետյանը նկարագրվող երեք սցենարներից լավագույնը մեզ համար համարում է ոչ թե սպառման կրճատումը, այլ արտադրողականության բարձրացումը։ Ընդ որում, ըստ փորձագետի, մեզ համար լավագույն այս սցենարի հավանականությունը տարիների ընթացքում նվազում է։ Որքան շարժվենք գործող մոդելով, այնքան կբարձրանա պարտքերի քանակը, եւ այնքան կմեծանա փոփոխությունը մեզ դրսից պարտադրվելու հավանականությունը։ Մեր զրուցակիցը նշում է, որ պետք է արագ գործել, որովհետեւ պարտքերի քանակը հասնում է այն շեմերին, ինչն ավելի ռիսկային է դարձնում բարեփոխումների անցկացումը։ 

Ուսումնասիրությունը ներկայացվելու է փորձագետներին, կառավարման մարմիններին։ Բացի այդ, գիրքը նախատեսված է նաեւ հանրության լայն շերտերի համար։ Տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է խնայողությունը։ Եվ կարեւոր է այդ հարցում հասարակության իրազեկված լինելը։ Ուստի աշխատում են, որպեսզի ուսումնասիրությունը հասանելի ու հասկանալի լինի մարդկանց։

«Գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ներկայացվի միջազգային պորձը ըստ տարբեր երկրների,եւ ընթերցողն ինքնուրույն կարողանա դատել, թե ինչ հեռանկարներ են սպասում ՀՀ-ին այս կամ այն բարեփոխումների պարագայում: Եվ գրքում շեշտը դրված է երկարաժամկետ կառուցվածքային բարեփոխումների, այլ ոչ թե կարճաժամկետ տոկոսադրույք իջեցնելու կամ նպաստ բարձրացնելու վրա, որոնք նախեւառաջ պահանջում են ներքին խնայողության եւ արտադրողականության ավելացում»,- ասում է Սամսոն Ավետյանը։

Հավելենք, որ տնտեսական ուսումնասիրության հիման վրա տպագրվելիք գիրքը լինելու է երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն։