Համախմբում ՀՀ պետական խորհրդանշանների շուրջ

 

 

Հունիսի 15-ին՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՀ պետական խորհրդանշանների օրվան վիրված տոնական քայլերթը, որն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին»  և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր։   Ավելի քան 5000 պատանիներ և երիտասարդներ, «Հայաստան» վանկարկելով, անցան Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ վերադարձան Հանրապետության հրապարակ։ Տոնական քայլերթին ներկա էին երիտասարդներ մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից։ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում երթին միացան «Փյունիկ» հաշմանդամների  միության անդամները։ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից երթը գլխավորեց ՀՀ ոստիկանության մոտոցիկլավարների խումբը, որոնք էլ առաջնորդեցին շարասյունը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Մաշտոցի պողոտայից քայլերթին միացան «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Միջոցառմանը մասնակցում էին հայ անվանի մարզիկներ, մշակութային գործիչներ: Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով։ Տոնական քայլերթը կազմակերպվել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այս միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով երիտասարդական կառույցներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքներից։ «Երիտասարդներն այսօր համախմբվել են ՀՀ պետական խորհրդանշանների շուրջ։ Երիտասարդությունը շատ լավ հասկանում է ՀՀ պետական խորհրդանշանների դերը, նշանակությունը։ Մենք ամբողջ տարին պետք է կարողանանք տոն դարձնել՝ մեծարելով մեր պետական խորհրդանշանները։ Նման ակցիաներն են նաև, որ այսօրվա երիտասարդի մեջ սերմանում են սեր և ակնածանք հայրենիքի, պետականության նկատմամբ»,- նշեց Կարեն Ավագյանը։  Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից ՀՀ պետական խորհրդանշանները մեծարող նման ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ մարզերում։