«Բազե-2011» հավաքում հաղթեց կարմիր ճակատը

 

 

Օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Ազատության հրապարակում էին հավաքվել «Բազե» ճամբարի և «Բազե» հավաքի մասնակիցները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, դիմելով երիտասարդությանը, մասնավորապես ուրախալի համարեց այն փաստը, որ ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց իրենց իրական հայրենիքի։ «Այն հայերը, ովքեր կտրված են ապրում իրենց արմատներից, չեն հասկանում մի շատ պարզ բան. պատմական ճակատագրի բերումով իրենց հյուրընկալած երկիրը երբեք չի կարող դառնալ իրենց իսկական հայրենիքը, իսկ առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է»,- նշեց Կ. Ավագյանը։ Նա նաև ընդգծեց պետության հոգածու ուշադրությունը երիտասարդների նկատմամբ. «Ե՜վ հանրապետության նախագահի, և՜ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար «Բազե» երիտասարդական հավաքը համապետական նշանակության միջոցառում է, որը շատ կարևոր է ոչ միայն հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այլև մեր երկրում երիտասարդության դերի բարձրացման առումով։ Այսօր մեր պետությունն ընթանում է այս ճանապարհով, և Հայաստանի զարգացման ու հասարակական առաջընթացի գրեթե բոլոր բնագավառներում երիտասարդությունն իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն ունի»։ Կ. Ավագյանը «Բազե» երիտասարդական հավաքի փակմամբ հայտարարեց նաև Հայաստանի անկախ պետականության 20-ամյակին նվիրված երիտասարդական միջոցառումների սկիզբը։ Գալա համերգի ընթացքում տեղի ունեցավ «Բազե» երգ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Հնչեցին Առնո Բաբաջանյանի երգերը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան)։ Երգի մրցույթում պրոֆեսիոնալ ժյուրին առաջին մրցանակը շնորհեց կապույտ ճակատին, երկրորդ տեղում՝ կարմիր ճակատն էր, երրորդում՝ նարնջագույնը։ Գալա համերգի վերջում հայտարարվեց «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի հաղթողը։ Այս տարի հաղթանակը տոնեց կարմիր ճակատը, երկրորդ տեղում կապույտ ճակատն էր, երրորդում՝ նարնջագույնը: