Տոնական համերգ՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան

 

 

                                                                       

Նոյեմբերի 10-ին մարզահամերգային համալիրում Թաթա Սիմոնյանի համերգով մեկնարկեց Երիտասարդության համաշխարհային օրվան և Ուսանողության միջազգային օրվան նվիրված համերգաշարըորը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Համերգին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ՀՀ նախագահիՀայաստանի հանրապետական կուսակցության և իր անունից շնորհավորեց երիտասարդներին տոների առթիվ՝ նշելով, որ երիտասարդները մեծ ուժ են, և այդ ուժի համախմբումը մեր երկրին կբերի մեծ նվաճումներ։ ՀՀ վարչապետը նշեց, որ երիտասարդները պետք է կերտեն այն հայրենիքը, որի մասին երազում ենք։   ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, երիտասարդական տոների առթիվ իր շնորհավորական խոսքում նշեց, որ  երիտասարդությունը եղել և մնում է մեր երկրի շարժիչ ուժը։ Պետությունը երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումը դիտում է որպես հասարակական մեծ արժեք։ Նա կոչ արեց երիտասարդներին օգտագործել սովորելու, գիտելիք կուտակելու իրենց ընձեռված տարիները։ «Կրթությանը հատկացված ամեն վայրկյանը վաղվա ձեր բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականն է։ Գիտելիքն ու իմացությունը կառուցելու են ձեր բարեկեցիկ ապագան։ Մեզ անհրաժեշտ է խելացիների հասարակություն, որպեսզի կառուցենք մեր երազած պետությունը։ Ո՞վ պետք է նպաստի մեր երկրի զարգացմանը, եթե ոչ անսպառ ավյունով, գաղափարներով ու երազանքներով լեցուն երիտասարդը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Անդրադառնալով մարզաբնակ երիտասարդների հիմնախնդիրներին՝ Կարեն Ավագյանը ընդգծեց, որ դրանց լուծումը պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է։ «Մարզային համայնքներում երիտասարդության համար նախատեսված ծրագրերի առաջնային նպատակը տեղեկատվության ապահովումն է, քանի որ մարզաբնակ երիտասարդության մի ստվար զանգված ընդհանրապես տեղեկացված չէ և դուրս է մնում իր համար իրականացվող ծրագրերից։ Նրանք չգիտեն այն հնարավորությունների մասին, որոնցից կարող են օգտվել։ Իսկ հնարավորությունները բազմաթիվ են։ Մասնավորապես, արդեն երկրորդ տարին է, կառավարության կողմից իրականացվում է «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» նպատակային սոցիալական ծրագիրը։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ընդգրկված այս հարցի՝ երիտասարդներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության ընձեռմամբ լուծվում են մի քանի խնդիրներ։ Ծրագիրը խթանում է ամուսնությունները, նպաստում ծնվող երեխաների թվի ավելացմանը, ինչպես նաև երիտասարդին կապում իր բնակավայրի հետ»,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը՝ իր ելույթն ամփոփելով Գարեգին Նժդեհի խոսքերով. «Բավական չէ հիացական վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ անցյալ սերնդի հանդեպ, պետք է գերազանցել նրան։ Հենց սա է կյանքի առաջադիմության օրենքը»։ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին ներկա էր շուրջ 10 հազար երիտասարդ մայրաքաղաքից, մարզերից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևՀայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 15-ին. Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարները կարող են ունկնդրել «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին։ Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։