Երիտասարդներն` ընդդեմ թմրամոլության

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 24-ի երեկոյան Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրին «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագիրը։ «Ծրագրի հիմնական նպատակը թմրամոլության վատ հետևանքների մասին բարձրաձայնելն է, երևույթի վրա հասարակության ուշադրությունը սևեռելը, քանի որ շատ հաճախ երիտասարդների շրջանում ինֆորմացիայի պակաս կա, իսկ նման միջոցառումները երիտասարդներին խնդիրն ավելի հասանելի են դարձնում և հասարակությանն ուղղորդում դեպի առողջ ապրելակերպ։ Թեև Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է թմրամոլության աճ, սակայն հարևան հանրապետությունների հետ համեմատած՝ մեզ մոտ խնդիրն այնքան էլ մեծ չէ։ Բայց, այդուհանդերձ, խնդիրը մտահոգիչ է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ավելի ու ավելի քիչ երիտասարդներ դիմեն թմրամոլություն կոչվող չարիքին»,- նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ «Նկարում ենք կյանք» ծագիրն ունի նաև մշակութային բաղադրիչ. համերգային ծրագրով ելույթ էր ունենում «Արմենոիդս» խումբը։ Բացի այդ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողների՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նկարած նկարները կտրամադրվեն բուժհաստատություններին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառումները կծառայեն ոչ միայն որպես վտանգի ազդակ, այլև խնդրի նկատմամբ կհրավիրեն հանրության ուշադրությունը. «Թմրամոլությունը կանխարգելելու համար պետք է առավել զգոն լինենք' հասկանալով, որ այս պայքարում հասարակության տարբեր շերտերի համագործակցության պարագայում միայն կարելի է կասեցնել չարիքը»։