«Իմ արյունը, քո արյունն է»

 

 

Փետրվարի 15-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ պետական և ոչ պետական բուհերի հարյուրավոր ուսանողներ, երիտասարդական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հ/կ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին «Իմ արյունը քո արյունն է» խորագրով ակցիային: Այն կազմակերպել էին Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն (ՀԵՀ) ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաև մարդասիրական քայլ է, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Միևնույն  ժամանակ դոնորությունը առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա: Իսկ կամավոր անվարձահատույց դոնորների թվի ավելացման կարելի է հասնել հասարակության, հատկապես երիտասարդների շրջանում քարոզչական գրագետ աշխատանք տանելու շնորհիվ: Սա էլ ՀԵՀ-ի նախաձեռնած ծրագրի առաջնային նպատակներից է: ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց. «Տարեցտարի ակցիային մասնակից երիտասարդների թիվն աճում է: Այս անգամ նրանց թիվն աննխադեպ է:  Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, հետզհետե հասկանում է, որ դոնորությունը իրոք մարդասիրական քայլ է, որ անծանոթին կարեկցես, այսինքն'արյունդ տաս, որ կյանք փրկես: Սա հիմնադրամի առողջ ապրելակերպի ծրագրերից է և ունի նաև ռազմավարական ու դաստիարակչական նշանակություն»: ՀԵՀ առողջ ապրելակերպի ծրագրերի համակարգող Արուսյակ Պողոսյանն էլ նշեց. «Այսօրվա ակցիան առանձնանում է  նրանով, որ դրան մասնակցում են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ծրագրի նպատակներից է համալրել դոնորական արյան քանակը, քանի որ հնարապետությունում կա այդ խնդիրը»: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ վստահեցրեց. «Ակցիան շարունակվելու է այնքան, քանի դեռ մեր երկրում կա արյան, դոնորի կարիք, իսկ  երիտասարդները պիտի այդ խնդիրը լուծողների շարքում լինեն: Երկու խնդիր կա դրված. նախ այն, որ երիտասարդները պատրաստակամություն են հայտնում օգնել արյան կարիք ունեցող մարդկանց, բացի այդ ստուգվելու է նաև կամավոր դոնորության ցանկություն հայտնած  երիտասարդների արյունը և եթե լինեն առողջապահական խնդիրներ նրանց ևս ցուցաբերվելու է օգնություն: Այսպիսով, լուծվում են առողջապահական, սոցիալական մի շարք խնդիրներ»:Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Խալաթյանն արդեն 4-րդ անգամ է անվարձահատույց արյուն տալիս: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Պատրաստ եմ թեկուզ 20 անգամ էլ արյուն տալ, միայն թե իմանամ, որ ինչ որ մեկի կյանքն եմ փրկում: Յուրաքաչյուրս մեկմեկու պետք է օգնենք մեր կարողացածի չափով. օրինակ, եթե ֆինանսական առումով օգնել չեմ կարող, փորձում եմ մարդկանց օգնել գոնե արյունով»: «Աշխարհն առանց արգելքների» հ/կ-ն էլ զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպության որոշ ներկայացուցիչներ ևս մասնակցում էին ակցիային: Հ/կ-ի նախագահ Արման Մուշեղյանը նշեց. «Այս խնդիրը մեզ համար ամենահարազատն է, քանի որ երբ իմ վնասվածքի պատճառով մեծ քանակով արյուն էի կորցրել, այդ ժամանակ հասկացա, թե ինչ կենսական անհրաժեշտություն ուն ինձ համար արյան փոխներարկումը: Մեր ներկայությամբ ուզում ենք  ցույց տալ, որ բարին կփրկի աշխարհը»:  Գոհար Ստեփանյանը ևս զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ: Նա նշեց. «Չնայած ինչ-ինչ պատճառներից ելնելով ես չեմ կարող լինել արյան դոնոր, սակայն ուրախ եմ, որ հասարակությունում կան նման երիտասարդներ, որոնք պատրաստ են օգնել մարդկանց: Ուստի մենք միշտ նրանց կողքին ենք»: