ՀՊՄՀ ռեկտորը` երիտասարդներին. «Մենք ուրիշ էինք, ուրիշ է ձեր սերունդը, ձեր երեխաները նույնպես ուրիշ են լինելու»

 

 

Երիտասարդության համաշխարհային օրվա և Ուսանողության միջազգային տոնի առիթով Heh.am-ին հետաքրքրող հարցերին պատասխանեց Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:


Ինչպիսի՞ապագա կարող է կառուցել մերօրյա երիտասարդը:

-Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ցավոք, մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, գնալով չենք երիտասարդանում: Այդ պատճառով ձեր ձեռքերում է ոչ միայն ձեր, այլև մեր ապագան: Այսօր հանրային կյանքի կարևորագույն որոշումները և ընթացքը կախված են հիմնականում ոչ երիտասարդներից, բայց, այնուամենայնիվ, հետագա զարգացումը կախված է միմիայն ձեզանից: Ինչքան ավելի խելացի որոշումներ կայացնեք դուք, ինչքան գտնեք ու ամրապնդեք ձեր տեղը հանրային կյանքում, հասարակության մեջ, այնքան ավելի շատ կնպաստեք մեր երկրի զարգացմանը:


Ինչպիսի ՞ կարծրատիպեր կարող է կոտրել 21-րդ դարի երիտասարդության հավաքական ուժը:

-Իմ բնավորությամբ, մտածելակերպով, գաղափարախոսությամբ միշտ մնում եմ հակահեղափոխական:Երբ հանուն ավելի պայծառ ապագայի մի բան կոտրում, ջարդում ես, որպես կանոն՝միշտ հակառակն է ստացվում: Իրականում կոտրվում է մի բան.կոտրվում է այն իդեալականի գաղափարը, հանուն որի կոտրվում ու ջարդվում է հինը: Եվ դա կոտրվում է հենց կոտրողների կողմից: Կարծես հինը կյանքին անհամապատասխան երևույթ է և այդպիսի երևույթները խորթ ու դեֆորմացված են: Դրանք պետք է հետզհետե դնել մի կողմ՝ցույց տալով ավելի առաջընթացայինը, ավելի առաջադիմականը,և այդ դեպքում դրանք ինքնաբերաբար կվերանան: Այդ ջարդված, տրորված, ոչնչի վրա նորը կառուցել հնարավոր է:


Ի՞նչ հատկանիշներով և ինչպիսի՞ խնդիրներով է տարբերվում մեր սերնդի երիտասարդը ավագ սերնդի երիտասարդից:

-Այս հարցում միանշանակ չէ ոչինչ: Նախևառաջ, ասեմ մի շատ որոշակի «հիվանդության» մասին, որը տարիքի հետ հատուկ է բոլոր սերունդներին: Ավագ սերունդը մտածում է, որ իր ժամանակ ավելի մաքուր է եղել,ավելի ազնիվ, ավելի ճիշտ: Մենք ուրիշ էինք, ուրիշ է ձեր սերունդը, ձեր երեխաները նույնպես ուրիշ են լինելու: Որ ժամանակաշրջանում էլ ապրենք, պետք է  պահպանվեն այն արժեքային համակարգերը, որոնք մնայուն են բոլոր ժամանակներում: Տարածքային առումով մենք ապրել ենք նույն Հայաստանում, սակայն մեկ այլ արժեքային համակարգ ունեցող երկրում: Մեզ համար փակ են եղել սահմանները դեպի արևմտյան Եվրոպա, Միացյալ նահանգներ, սակայն մենք ազատ մուտք ենք ունեցել այօրվա 15 պետության տարածք: Հիմա բաց են բոլոր սահմանները, բայց 19-20 տարեկան շատ քիչ երիտասարդներ են սահման հատում: Սա մեծապես մտահոգվելու առիթ է:


Կա՞ն ավանդույթներ կապված Երիտասարդության համաշխարհային օրվա հետ, որոնք չի խախտում ՀՊՄՀ-ն:

-Մենք Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ ամփոփում ենք մեր մեկ տարվա գործունեությունը և յուրաքանչյուր տարի ընտրում մեր լավագույն ուսանողին: Այս տարի այդ մրցույթը անցկացնում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ միասին: Հաղթողն այս տարի կմեկնի Իտալիա: Կարծում եմ՝ նման խրախուսանքը մեծ խթան է ուսման բարձրացման հարցում: Մի խնդրանք, մի պահանջ, որը այս տարիների ընթացքում ռեկտորատը միշտ դրել է ուսանողների առջև. լինել օբյեկտիվ: Հակառակ դեպքում կարժեքազրկվի ոչ միայն թանկարժեք նվերի գաղափարը, այլև ուսանողի մոտ կձևավորվի թերահավատություն արդարության հանդեպ, ինչն ամենասարսափելին է:


Ձեր մաղթանքը երիտասարդներին:

-Եղե՛ք հաջողակ և երջանիկ: Եթե երիտասարդներն այսօր լինեն հաջողակ և երջանիկ, հետագայում մենք մեզ կզգանք ապահով և վստահելի ձեռքերում:

Հարցազրույցը վարեց Անի Մինասյանը