Մասնագիտական կարողությունների ցուցադրություն

 

 

Նոյեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուսումնական հաստատությունները կառավարության ղեկավարին ներկայացրին իրենց նախնական և միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները և մասնագիտական կարողությունները:
Ծրագրի նպատակն էր նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերության ամրապնդմանը:
Օլիմպիադայի շրջանակներում մրցեցին «խոհարար», «հյուսն, ատաղծագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվեց «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից: 
Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցում էին 90 ուսանողներ՝ 21 մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններից: