Ասուլիս` նվիրված միջազգային գիտաժողովին

 

 

Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ պատմաբանների նախաձեռնող խմբի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա  երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով' նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Գիտաժողովը կրում է «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագիրը: Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը և նախաձեռնող խմբի անդամներ, պատմաբաններ Խաչիկ Ստեփանյանը և Սամվել Պողոսյանը ներկայացրին միջազգային գիտաժողովի նպատակներն ու նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և կոչված է աջակցելու երիտասարդներին, երիտասարդական ծրագրերին և երիտասարդական կազմակերպություններին։ 2011թ. հիմնադրամն արդեն իսկ 90 ծրագիր է ֆինանսավորել և համատեղ իրականացրել։ Ծրագրերն իրականացվում են 5 ուղղություններով՝ կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակություն, միջազգային և համահայկական համագործակցություն։ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց նաև, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվող առաջարկությունները՝ համաժողովների կազմակերպում, մասնակցություն միջազգային գիտաժողովների, գիտական նյութերի տպագրություններ և այլն։ «Մենքուրախ ենք, որ այդ ակտիվությունը կա, քանի որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, իր նպատակներից ելնելով, չի փորձում և չի ցանկանում բոլոր ծրագրերն ինքնուրույն իրականացնել։ Մենք նաև կուզենայինք, որ առաջարկություններն ու նախաձեռնությունները երիտասարդների կողմից  լինեին։ Եվ նոյեմբերի 6-8-ն իրականացվելիք միջազգային գիտաժողովը դրա վառ օրինակն է»,- նշեց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։   Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, խոսելով «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով գիտաժողովի նպատակների մասին, նշեց, որ այն հնարավորություն կտա հայագիտության ոլորտի երիտասարդ մասնագետներին ինքնադրսևորվել, համախմբել եղած ներուժը, հաստատել կապեր, իրականացնել փորձի փոխանակում։ Այն կօգնի նաև կապեր ստեղծել միջազգային տարբեր գիտական կառույցների հետ, ինչի շնորհիվ հայագիտական միտքն առավել հաջողությամբ կներկայացվի միջազգային ասպարեզում։ Բանախոսները նշեցին, որ գիտական համաժողովի մասնակցության հայտ են ներկայացրել մասնագետներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բուլղարիայից, Մոլդովայից, Իտալիայից։ Ներկայացված հոդվածները վերաբերում են ինչպես հայագիտությանը, այնպես էլ ազգի, պետության գաղափարին, եկեղեցի-ազգ հարաբերություններին։ Նախատեսվում է նաև գիտաժողովը դարձնել պարբերական։